Рубрика: ճանապարհորդություններ

Նախաամանոր Վաղարշապատում

Ճամփորդության ժամանակը՝ դեկտեմբերի 23-ին՝  ժամը 9․15-ին

Ճամփորդության վայրը՝ Ամանորին ընդառաջ՝ ուսումաճանաչողական ճամփորդություն դեպի Արմավիրի մարզ՝  Վաղարշապատ քաղաք, ճանապարհին՝ այցելություն Սուրբ Հռիփսիմեի տաճար, այցելություն նկարիչ Մհեր Աբեղյանի պատկերասրահ-թանգարան և քայլք քաղաքում, այցելություն, Կոմիտասի, Մակար Եկմալյանի արձաններին, Հովանոցներով փողոց՝ ամանորյա տոնավաճառ,  քայլք Մայր տաճար, այցելություն տաճարի գանձատուն,  Սուրբ  Գայանեի վանք, այց հայ երախտավորների շիրիմներին, վերադարձին՝ Զվարթնոցի տաճար։

Ճամփորդության մասնակիցներ՝ Քոլեջի տարատարիք սովորողներ

Նպատակը՝  հայրենագիտական-ճանաչողական ճամփորդությամբ սովորողները կճանաչեն հայոց հոգևոր մայրաքաղաքը՝ իր տեսարժան վայրերով, վերադարձին՝ այցելություն  Զվարթնոցի տաճար։

Նախապատրաստական աշխատանքներ

 Սովորողները նախապես համացանցի միջոցով, ծանոթանում են Էջմիածին քաղաքին, նրա տարածքում գտնվող պատմամշակութային  կոթողներին,   առցանց տեղեկություններ են հավաքում, հրապարակումներ անում իրենց բլոգներում և Քոլեջի ենթակայքում:

Ճարտարապետական հուշարձանների նկարագրություն

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Վաղարշապատի հյուսիսարևելյան կողմում՝ Հայաստանում քրիստոնեություն տարածող սուրբ Հռիփսիմեի և նրա 32 ընկերուհիների (Հռիփսիմյանց կույսեր) նահատակման վայրում: Ըստ Ագաթանգեղոսի՝ 301 թ-ին այստեղ, Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ, Տրդատ Գ Մեծ արքան, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին, ի հիշատակ նահատակ կույսերի, կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր դամբարան, վրան՝ ամպհովանի: Եկեղեցին կառուցվել է 618 թ-ին։ Իր ճարտարապետական կատարելությամբ այդ տիպի եկեղեցիների լավագույն օրինակն է, որի հորինվածքը լայնորեն տարածվել է Հայաստանում: 1776 թ-ին Սիմեոն Ա Երևանցին կառուցել է վանքի աղյուսաշեն պարիսպները, հյուսիսային դարպասը և 2 շրջանաձև բուրգերը, իսկ  Վազգեն Ա Պալճյանի հայրապետության տարիներին (1955–94 թթ.) բարեկարգվել է վանքի տարածքը, կառուցվել աղբյուր,  տեղադրվել է նոր սեղան Ավագ խորանում,  պատրաստվել կոփածո երկաթից ջահ,  հիմնովին վերակառուցվել է վթարված զանգակատունը (1987 թ.):

Սուրբ Գայանե վանքը միջնադարյան կրոնական կառույց է Վաղարշապատ քաղաքի հարավային կողմում, սուրբ Գայանեի և նրա երկու ընկերուհիների նահատակման վայրում: Այստեղ, ըստ Ագաթանգեղոսի նույնպես վկայարան է կառուցել: 630 թվականին Եզր Ա Փառաժնակերտցին քանդել է վկայարանը և տեղում սրբատաշ տուֆով շինել այսօր կանգուն Սուրբ Գայանե եկեղեցին, վանական միաբանություն հաստատել: Սուրբ Գայանե եկեղեցին ներդաշնակ համաչափություններով, տպավորիչ ինտերիերով քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, որի Ավագ խորանի տակ գտնվում է սրբուհու՝ հարավարևելյան ավանդատնից մուտքով թաղածածկ դամբարանը: 1764 թվականին Սիմեոն Ա Երևանցին Սուրբ Գայանե եկեղեցու տարածքում կառուցել է ստորգետնյա խոշոր սառցատուն՝ վանքի մթերքները պահելու համար: Եկեղեցու վանահայր Վահան Բաստամյանցը նորոգել է վանքը, կառուցել արևմտյան կամարակապ դարպասը, վանահոր և միաբանների բնակելի շենքերը, դպրոց, որտեղ ինքը դասավանդել է, հիմնել է տպարան և հրատարակել «Դպրոց» ամսագիրը:1910 թվականին Նոր Նախիջևանի հայ համայնքը սև գրանիտից տապանաքար է բերել սուրբ Գայանեի գերեզմանի համար: 1959 թվականին Սուրբ Գայանե եկեղեցին նորոգվել է, եկեղեցու ներսը մաքրվել է սվաղից, հատակը սալարկվել, տարածքը բարեկարգվել, բակում կառուցվել է մատաղատուն, աղբյուր (ճարտ.՝ Ռ. Իսրայելյան): Վերջին անգամ նորոգվել է 1977–1980 թվականներին լոնդոնահայ Հարություն Մութաֆյանի բարերարությամբ։

Էջմիածնի Մայր տաճարը խաչաձև-կենտրոնագմբեթ, քառախորան հայկական եկեղեցական հորինվածք է, որը մեծ ավանդն է եղել համաշխարհային քրիստոնեական ճարտարապետության զարգացման մեջ: Ճարտարապետական այս հորինվածքը 9-11-րդ դդ. տարածվել է նաև Եվրոպայում: Տաճարի համար «Էջմիածին» (իջավ Միածինը) անունն առաջին անգամ օգտագործել է 13-րդ դարի պատմիչ, Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոս արք. Օրբելյանը: 17-րդ դարասկզբին Պարսից շահ Աբաս Ա-ն սկզբնապես որոշել է քանդել Մայր Տաճարը: Բարեբախտաբար այս չարամիտ նպատակը խոջա Նազարի ջանքերով կանխվել է, սակայն հետագայում՝ 1614 թ., Մայր Տաճարից հանգու­ցային տեղերից հանվեցին 15 քարեր, որոնք տեղափոխվեցին Պարսկաստան, որպեսզի Սպահանի մոտ Մայր Տաճարի նմանողությամբ նոր տաճար կառուցվի, որպեսզի հայրենիքից տեղահանված հազա­րավոր հայերի «սրտերը կարոտ քաշելով չճմլվեն»։ 2012 թվականից մինչ օրս իրականացվում են նախադեպը չունեցող համալիր և հիմնարար նորոգչական աշխատանքներ, որոնք նախատեսվում են ավարտին հասցնել 2022 թվականին։ Հաշվի առնելով իրականացվող աշխատանքների մեծածավալ ընդգրկվածությունը՝ կարող ենք արձանագրել, որ Մայր Տաճարին տրվում է երկրորդ կյանք:Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին գտնվում է Էջմիածին քաղաքում՝ Մայր Տաճարից փոքր հեռավորության վրա։ Կառուցվել է 1767 թվականին Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք։ Վազգեն Ա կաթողիկոսի օրոք՝ 1986 թվականին, վերանորոգվել է եկեղեցին և կառուցվել է զանգակատունը։

Զվարթնոցի տաճարը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 643–652 թթ-ին։ Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը։ Տաճարը կառուցվել է յոթաստիճան պատվանդանի կենտրոնում։ Արտաքուստ՝ եռաստիճան՝ հաջորդաբար նվազող 3 գլանաձև ներդաշնակ ծավալների միասնական շինություն է եղել։ 10-րդ դարում տաճարն ավիրվել է երկրաշարժից, 1980–90-ական թվականներին վերականգնվել են Զվարթնոցի խորանների սյունաշարերը, արծվախոյակ սյուները, առաջին աստիճանի պատերի ստորին մասը։

1905 թ-ին Թորոս Թորամանյանն ստեղծել է Զվարթնոցի գիտական վերակազմությունը, որի ստույգությունն ապացուցվել է 1906 թ-ին ըստ Ասողիկ պատմիչի՝ XI դարի սկզբին Անիում Զվարթնոցի օրինակով կառուցված Գագկաշեն Սուրբ Գրիգոր եկեղեցու պեղումներից հայտնաբերված մանրակերտով [մյուս իրեղեն ապացույցը Փարիզի Սեն Շապել եկեղեցու (1243–48 թթ.) որմնաքանդակներն են]:

Оставьте комментарий